«Ընտանեկան պատմություն» և «Յաթաղան սինդրոմ» էլեկտրոնային գրքերի շնորհանդես
Հարգելի ընթերցասերներ,
ՍՄԻԼ հիմնադրամը սիրով հրավիրում է ձեզ "Ընտանեկան պատմություն" և "Յաթաղան սինդրոմ" էլեկտրոնային գրքերի շնորհանդեսին: Ժանրային առումով իրարից տարբերվող այս երկու ստեղծագործությունների միավորումը պատահական չէ:
Բանասեր Նունե Դիլանյանի աշխատասիրությամբ ստեղծված "Ընտանեկան պատմություն" վեպի հիմքում ընկած են Հաճընում ծնված, քաղաքի անկումից հետո հրաշքով փրկված և կյանքի մեծ մասը Բուենոս Այրեսում անցկացրած՝ Սոկրատ Թերզյանի հուշերը, մասնավորապես, նրա «Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը» և «Սլաքներ եւ դէմքեր» վիպակները: Գիրքը գրվել է Սոկրատ Թերզյանի եղբոր թոռ՝ Արտաշես Թերզյանի նախաձեռնությամբ: Գևորգ Տեր-Գաբրիելյանի "Յաթաղան սինդրոմ" պատմվածքը, որը գրվել է "Ընտանեկան պատմություն" գրքից անմիջապես հետո, ելնում է Թերզյանների և նման ընտանիքների օրինակից և ռեֆլեքսիվ գեղարվեստական անդրադարձ է հայության ճակատագրին, ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին և ապագային: Այս պատմվածքը, որը լույս է տեսել երեք լեզուներով, ավելի շատ ներկայի, քան անցյալի մասին է:
Երկու ստեղծագործությունների կապը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրանցում ներկայացվող պատմությունները շատ խնդիրներ են առաջ քաշում, շատ հարցերի պատասխաններ են փնտրում, այլ կերպ ասած՝ դուրս են գալիս «թղթային» տեքստի սահմաններից և հավակնում են շարունակվել որպես քննարկումներ: Այնպես որ գրքերի էլեկտրոնային հրատարակումը նույնպես պատահական չէ:
Եվ վերջապես՝ պատահական չէ իհարկե, որ շնորհանդեսը տեղի է ունենալու ապրիլի 24-ին նախորդող կիրակի օրը: