Պատերազմի վկաները
Հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Սմբատյանի հեղինակային «Պատերազմի վկաները» ֆիլմաշարի ցուցադրությունը:
«Պատերազմի վկաները» ֆիլմաշարը պատմում է Հալեպում տարիներ շարունակ չդադարող պատերազմի ականատես սիրիահայերի կյանքի ու ապրումների մասին:
Այս անգամ ֆիլմաշարն անդրադարձել է Զուլամյանների ընտանիքին:
Հակոբ Զուլամյանն ընդամենը 12 տարեկան է, բայց արդեն կորցրել է մտերիմ ընկերոջը, որը զոհվել է Հալեպի ռմբակոծության ժամանակ։
-Հակոբը պատերազմը համեմատում է «վագրի» հետ, որը հարձակվել է քաղաքի վրա՝ մահ ու ամայություն սփռելով ամենուր,-նշում է ֆիլմի հեղինակ Հասմիկ Սմբատյանը:
Մասնագիտությամբ արվեստաբան և ֆոտոլրագրող Հասմիկ Սմբատյանը բազմաթիվ հատուկ ռեպորտաժների և փաստագրական ֆիլմերի հեղինակ է։
2004 թվականից աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող։
Ֆիլմը նկարահանվել է «Ազատություն» TV լրատվական կենտրոնի կողմից:
Մուտքն ազատ է: