Բացառիկ ստեղծագործության ցուցահանդես. Լևոն Թութունջյան
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու են ֆրանսիահայ հանրահայտ արվեստագետ Լևոն Թութունջյանի աշխատանքները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ:
Թութունջյանը եղել է թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից և դրանց մանիֆեստի համահեղինակներից մեկը: Լինելով նաև Փարիզի սյուրեռալիստների միության հիմնադիրներից՝ Թութունջյանը համարվում է սյուրռեալիստական ոճի ականավոր ներկայացուցիչ: 1925թ.- ից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում մեծագույն նկարիչների հետ, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին:
Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988- ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում Գարիկ Բասմաջյան մասնավոր պատկերասրահի կողմից: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի 1920-60- ական թթ. բացառիկ նմուշներ են:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին: