ԴիջիԹեք ցուցահանդես
«Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող DigiTec Expo 2013 միջազգային ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա հոկտեմբերի 4-6ը՝ Երևան Էքսպո կենտրունում:
Ներկա դրությամբ 60 կազմակերպություն արդեն իսկ մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին: Ցուցահանդեսի մասնակիցները 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն:
Արդեն 9-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:
ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը: