Ցուցահանդես՝ «Երվանդ Քոչար. Սերունդների երկխոսություն»
Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն - թանգարանի հետ համատեղ ներկայացնում է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն:
Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև հոկտեմբերի 10-ը։ Ներկայացվելու են Քոչարի գործունեության երկու շրջաններում՝ փարիզյան և երևանյան, ստեղծված երկերը, երևանյան շրջանի ստեղծագործությունների գերակշռող հատվածով:
Փարիզյան շրջանից (1923-1936) ցուցահանդեսում ներառված են մի շարք գործեր, այդ թվում` 1925 թ. «Ընտանիք սերունդներ» ստեղծագործությունը: Արվեստագետը ստեղծագործության ավանդական բովանդակությանը տվել է խոր իմաստ` հանգելով այն կարևոր մտքին, թե ընտանիքը մարդկության մի հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է: Այս շրջանի աշխատանքներից ներկայացված են նաև «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» 1924 թ. և շատ այլ ստեղծագործություններ:
Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին նրա «տարածական նկարչության» նմուշները, որոնցում նա փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ` առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը: Սույն ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված աշխատանքներն են՝ «Առաջին մեղսագործություն» 1927 թ., «Տոտեմ» 1929 թ., «Երևան - Էրեբունի» 1968 թ.
Երևանյան (1936-1979) շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի` «Սասունցի Դավթի» նկարազարդումները: Անցյալի հերոսականության հանդեպ իր վերաբերմունքի արտահայտությամբ ստեղծած այս նկարազարդումները դարձել են հայ նկարչության հիանալի նմուշներ: Դրանք ոչ միայն հայ գրքային արվեստի ստեղծագործություններ են, այլև գրաֆիկական ինքնուրույն արժեք ներկայացնող գլուխգործոցներ:
Ցուցահանդեսում ներառված են ստեղծագործություններ, որոնք նվիրված են հայ մեծերին` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ոսկան Երևանցի, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան :