«Տրաֆիքինգ․․․միգրացիա․․․ կանայք» քննարկում
«Հոդված 3» ակումբը հրավիրում է «Տրաֆիքինգ․․․միգրացիա․․․ կանայք» քննարկմանը։
Մարդկանց թրաֆիքինգի առումով Հայաստանը համարվում է հիմնականում ծագման երկիր: Տեղական մակարդակով ուշադրությունը կենտրոնացվել է հիմնականում սեռական շահագործման նպատակով կանանց դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա թրաֆիքինգի ենթարկելու խնդրին: ՀԿ-ների տվյալներով, զգալի թվով տղամարդիկ աշխատանքային շահագործման նպատակով փոխադրվում են Ռուսաստան:
Հայտնի են անչափահասների թրաֆիքինգի մի քանի դեպքեր: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մտահոգություն է հայտնել, որ ծայրահեղ խոցելի լինելու պատճառով թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ փողոցներում միայնակ ապրող սակավաթիվ թափառաշրջիկ երեխաները և թափառող ընտանիքների երեխաները։
Իսկ միգրացիայի պառագային, չնայած միգրանտ կանանց թիվը մեծ չէ Հայաստանում, սակայն այն ունի խիստ ազդեցություն Հայաստանաբնակ կանանց կյանքի ու առողջության վրա․ օրինակ՝ միգրացիան հանդիսանում է հետերոսեքսուալ կանանց շրջանում ՄԻԱՎ֊ի տարածման հիմնական ուղին։
Այս հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի ներքոնշյալ հիմնահարցերին
Ի՞նչ է տրաֆիքինգը, ի՞նչ մեխանիզմներով է այն գործում, ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, ի՞նչ որակի օգնություն ու փաթեթներ են առաջարկվում տուժող անձանց։ Ինչպիսի՞ն է պետական քաղաքականությունը այս ոլորտում։ Ի՞նչ առանձնահատկություններ են մասնագետները դիտարկում տրաֆիքինգի ենթարկված կանանց շրջանում։
Որո՞նք են միգրացիայի գենդերային խնդիրները Հայաստանում։ Ի՞նչ առանձնահատկություններ կան կին միգրանտների և տղամարդ միգրանտների խնդիրներում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում պետության կողմից միգրանտ կանանց հիմնախնդիրների առանձնահատկություններին անդրադառնալու համար։ Ինչպե՞ս է միգրացիան ազդում ու փոխում Հայաստանաբնակ կանանց կյանքը։
-------------------------------------------------------------------------
Քննարկումն իրականացվում է «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում «Բաց հասարակություններ հիմնադրամ»ի աջակցությամբ։
Մարզաբնակ երիտասարդների ճանապարհածախսը հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում փոխհատուցվում է։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11, ժամը՝ 20։00։