Փորձի փոխանակում PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանի հետ
Հայկական PicsArt հավելվածը հիմնվել է մոտ երեք տարի առաջ ու հայկական ամենահաջող ստարտափ նախագիծն է, որն արդեն ունի համաշխարհային ճանաչում: PicsArt-ի ներբեռնումների թիվը հասնում է մոտ 300 միլիոնի, որից 60 միլիոնն ամեն ամիս օգտագործում են այն: Բացի մեծ թվով բաժանորդները, PicsArt-ը նաև Հայաստանում ստեղծված միակ ընկերությունն է, որն արդեն 25 միլիոն դոլարի ներդրում է ստացել վենչուրային հիմնադիրների կողմից: Այս պահի դրությամբ PicsArt-ի արժեքը գնահատվում է մոտավորապես 250 միլիոն դոլարի չափով:
«Լոֆթ բիզնես ակումբ»-ը հրավիրում է հանդիպման PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանի հետ. վերջինս կներկայացնի PicsArt-ի հիմնման պատմությունը, ստարտափ հիմնելու առանձնահատկությունները, ինչպես նաև կպատասխանի ներկաներին հուզող հարցերին: Արտավազդ Մեհրաբյանի հետ հանդիպումը վարելու են Ռազմավարական բիզնես ընկերության համահիմնադիրներ Վահրամ Միրաքյանն ու Գրիգոր Առաքելյանը:
Մուտքը` 1450 դրամ(ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք):
PicsArt հավելված-ֆոտոխմբագիրի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում: PicsArt-ն աշխատում է ինչպես՝ Android, այնպես էլ iOS ծրագրերով:
