Ավանգարդիստը
Հուլիսի 20-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու հայտնի հայ գեղանկարիչ, Հայաստանում ավանգարդիզմի հիմնադիր` Միքայել Հովհաննիսյանի հանդիպմանն ու ցուցահանդեսի բացմանը:
Այս յուրահատուկ ու աննախընթաց հանդիպումը ամբողջական կդառնա «Ավանգարդիստը» խորագիրը կրող գեղանկարչի կտավների ցուցադրությամբ:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Մ. Հովհաննիսյանի դիմանկարները, որոնք առանձնանում են գունային ուժգնությամբ և արտահայտչականությամբ: Դիմանկարներն առավել ընդգծուն ու ընդգրկուն են դարձնում վարպետի ողջ ստեղծագործական ուղղին, նրա վրձնահարվածների ուժգնությունն ու մտածելակերպը: Ավանգարդից մինչև ֆիգուրատիվ արվեստին հասնելու ծիրը կարելի է տեսնել Մ. Հովհաննիսյանի դիմանկարներում:
Միքայել Հովհաննիսյանի կերպարվեստը փորձարարական է, փոփոխվող ու Հայաստանում եզակի իր տեսակի մեջ, քանզի միայն մաքրամաքուր արվեստագետի տեսակը կարող է թույլ տալ իրեն, չկաշկանդվելով ու չվախենալով հավանական «պարտություններից»` անցնել փորձերի ու փորձարկումների միջով, երեխային բնորոշ անկեղծությամբ ու նվիրումով «խաղալ» գույնի, ձևի ու ոճերի հետ:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է:
