Ցուցահանդես. «Անտեսված գեղեցկություն»
Հոկտեմբերի 16-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է նկարիչ Հասմիկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը` «Անտեսված գեղեցկություն» թեմայով`, որը նվիրված է ալբինիզմին: Ալբինիզմը (լատ. «albus» - սպիտակ) – գենետիկ շեղում է, մելանին գունանյութի ի ծնե բացակայության պատճառով: Հասմիկ Ավետիսյանի համար ալբինիզմը անուշադրության մատնված բոլորովին նոր աշխարհ է, կարելի է ասել մի նոր ռասա: Ի սկզբանե նկարիչը անդրադարձել է այս թեմային` ցանկանալով բացահայտել «ճերմակի» գեղագիտությունը, բայց, խորանալով, հասկացել է, որ դա իրեն վաղուց հուզող թեմայի շարունակությունն է: Ցուցահանդեսը կարելի է համարել ևս մեկ հաջող փորձ` բարձրացնելու հանդուրժողականության հարցը, որը մեր արդի հասարակությունում դեռևս չի համարվում ակտուալ և առաջնային խնդիր:
Ցուցահանդեսին կներկայացվեն 29 նկարներ: Բոլորը նոր են, ստեղծված են մեկ տարվա ընթացքում և նախկինում չեն ցուցադրվել:
Հասմիկ Ավետիսյանը ծնվել է Երևան քաղաքում: Սովորել է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որից հետո 1984-1989թթ. սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Սկսած 2002թ.-ից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության անդամ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Նյու-Յորքում, Մոսկվայում, Կիևում, Թել- Ավիվում և աշխարհի այլ քաղաքներում: