Օգնենք գառնեցիներին և միասին փրկենք Ազատ գետը
Հարգելի բնասերներ․ Համաշխարհային բանկի միջոցով հերթական հակաէկոլոգիական նախագիծ են ուզում ամեն կերպ իրականացնել։ Գառնու գեղատեսիլ կիրճով հոսող Ազատ գետի ջուրն ուզում են մտցնել մոտ 27 կմ երկարության խողովակների մեջ և տեղափոխել Արարատի մարզ՝ ոռոգման նպատակով օգագործելու համար։ Եթե ծրագիրն իրականացվի, ապա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում հայտնի Քարերի սիմֆոնիայի մոտից 500 մետր ներքև ընկած հատվածից սկսած մինչև ջրամբար՝ Ազատ գետն ըստ էության կջրազրկվի։
Գառնեցիները մեկ տարուց ավել է գրեթե միայնակ կռիվ են տալիս և հիմա ունեն մեր օգնության կարիքը։ Հունվարի 22-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն հերթական քննարկումն է կազմակերպելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ, ուր բերելու են նաև Արարատի մարզի գյուղացիներին, որ ցույց տան իբր թե նրանց շատ պետք է այդ ջուրը, իսկ գառնեցիները չուզողություն են անում։
Քննարկմանը մասնակցելու և գառնեցիներին թիկունք կանգնելու համար հավաքվում ենք հունվարի 22-ին ժամը 10։45 Սարյանի արձանի մոտ, որտեղից կգնանք քննարկման անցկացման վայր։
Խնդրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ միջոցառման պատին տեղադրվող նյութերից։
