«Ծառերի հիշողություն» Քեթրին Քուք
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը։
«Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Լուսանկարչուհին կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայել, Ֆրանսիա, լուսանկարել Հայոց ցեղասպանության ականատեսներին` անշունչ և շնչավոր, ասել է թե՝ անխոս վկա դարձած տեղանքն ու վերապրածներին, որպեսզի ամբողջությամբ ըմբռնի այսօրվա քար լռության և անհաղորդ անտարբերության չափը։ Քեթրին Քուքը գտնում է իր նախագծի հիմնաքարը Թուրքիայի Աղաչլը գյուղում։ Այնտեղ քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական ավանդույթը` նույնությամբ մշակելով և օգտագործելով տեղի թթենիների շերամը։ Քեթրին Քուքի արած մետաքսի բոժոժների լուսանկարները ներկայանում են որպես բանաստեղծական պատկերներ` խորհրդանշելով ժառանգականությունն ու վերածնունդը։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Ցուցադրությունը բաց է ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից, հունվարի 30-ից ապրիլի 29-ը։
Քեթրին Քուք
Ամերիկուհի լուսանկարիչ Քեթրին Քուքը ծնվել է 1979 թվականին։ Նա Agency VU ընկերության անդամ է։ 2006-ից սկսած՝ իր ծրագրերը կենտրոնացրել է ցեղասպանություն կատարած պետությունների վրա` Թուրքիա, Մերձավոր Արևելք և Ռուանդա։ Նրա լուսանկարները հրապարակվել են միջազգային տարբեր թերթերում և ամսագրերում (The New Yorker, The New York Times Magazine, Time magazine, Stern, Le Monde 2, The Independent, Newsweek, La Repubblica)։ Քեթրին Քուքը ստացել է բազմաթիվ դրամաշնորհներ և պարգևներ տարբեր հիմնադրամների կողմից:
