Բացօթյա համերգ եւ մուլտֆիլմերի հերոսներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 29-ին, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը կազմակերպում է իր ավանդական բարեգործական մեծ ակցիան՝ պաղպաղակի վաճառք, որից գոյացած հասույթն այս անգամ ամբողջությամբ տրամադրվելու է ապրիլին շփման գծում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան երեխաներ:
Բարեգործական միջոցառումը կանցկացվի մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում ժամը 11։00- 21։00-ն։ Պաղպաղակները NEWS.am–ի անձնակազմի հետ կվաճառեն շոու բիզնեսի աստղերը, քաղաքական–հասարակական գործիչները։ Բարեգործական ակցիայի փոքրիկ այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ։ Երեխաներին կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները, կլինի նաեւ բացօթյա համերգ`հայտնի երգիչների մասնակցությամբ։
NEWS.am լրատվական գործակալությունն արդեն 4-րդ տարին է, ինչ հունիսի 1-ի առնչությամբ կազմակերպում է պաղպաղակի բարեգործական վաճառք, որից ստացված գումարն ամբողջությամբ տրամադրվում է սոցիալապես անապահով երեխաներին։
Ամեն տարի պաղպաղակը տրամադրում են հայկական առաջատար արտադրողները։
