Ի՞նչ կարդալ այսօր. մանկական ամառային նախագիծ
ՏաՏա Ամառային դպրոցին զուգահեռ մեր հաջորդ նախագիծը գրքին եւ ընթերցանությանն է նվիրված. ուզում ենք երեխաներին սովորեցնել սիրել գիրքն ու կարդալն ընդհանրապես, որ իրենք բացահայտեն սեփական նախասիրություններն ու սկսեն փնտրել-կարդալ դրանց համապատասխան գրականություն:
Քանի որ գիրք ընթերցելու ընտրությունը խիստ անձնական ու անհատական երևույթ է, մենք պատրաստ ենք այդ բարդ ճանապարհն անցնել երեխաների հետ միասին՝ փորձելով իսկապես արթնացնել մշտապես ինչ-որ բան կարդալու ցանկություն:
Նախագիծը 9-15 տարեկանների համար է, մենք պատրաստ ենք հուշել ու ուղղորդել երեխաներին կոնկրետ հեղինակների կամ գրականության տեսակների ընտրության հարցում, ինչից հետո կսկսվի գրքի հետ ընկերության անվերջ ճամփորդությունը. մենք նախատեսել ենք հեքիաթներ, արկածային, ֆանտաստիկ գրականություն, իսկ 12-15 տարեկանների համար՝ պատանեկան ավելի լայն թեմատիկ ընթերցումներ, այդ թվում՝ հայ ժամանակակից գրականության:
Ընթերցանությանը նվիրված այս նախագծի շատ կարեւոր հատված է նաեւ գրքին առնչվող մեր մի քանի նախաձեռնությունները, որոնք լրացուցիչ խթան կդառնան երեխաների հետաքրքրության համար.
-այցելություններ գրքի ու գրականության հետ ուղիղ կապ ունեցող վայրեր, օրինակ՝ տպարաններ, գրադարաններ, գրախանութներ, կամ Գրականության և արվեստի թանգարան,
-տպավորությունների օրագիր, որը կդառնա մեր գրական ճամփորդության ուղեկիցը եւ քիչ-քիչ երեխաներին կմոտեցնի անգամ կարդացած գրքի մասին էսսե գրելուն,
-հանդիպումներ մեր շուրջն ապրող գրողների հետ, որպեսզի բավարարվեն մի շարք հարցեր գրական կերպարների ընտրության, գրական ստեղծագործության ընթացքի եւ այլ «նեղ մասնագիտական» խնդիրների վերաբերյալ:
Հանդիպումները նախատեսված են շաբաթական 3 անգամ 2-ական ժամով՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ, ժամը՝ 12:00-14:00, ծրագրի մեկնարկը՝ հունիսի 6-ից:
Մասնակցությունը նախագծին վճարովի է, բայց շատ պայմանական վճարով, որպեսզի կարողանանք ապահովել բավարար նյութեր ու գրականություն, յուրաքանչյուր երեխայի համար՝ 10.000դրամ 10 դասի համար, իսկ ՏաՏա Ամառային դպրոցի մասնակիցների համար այդ արժեքը կզեղչվի 50%-ով, եթե որոշեն միանալ: Կարելի է միանալ նաեւ առանձին դասերի, որի դեպքում մասնակցությունը կարժենա 2000դրամ: