«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանս
Դեկտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի «Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը:
Միջոցառման նպատակն է խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում և ստեղծել մեդիա հարթակ՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրները քննարկելու համար:
Կոնֆերանսին կհյուրընկալվեն մոտ երկու տասնյակ հայտնի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ ներկայացնող միջազգային բանախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Լիտվայից, Չեխիայից և Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից: Նրանք զեկույցների, ցուցադրությունների և գործնական պարապմունքների միջոցով իրենց փորձն ու ձեռքբերումները կկիսեն գործընկերների հետ: Հայաստանի լրագրողները հնարավորություն կստանան մասնակցել կոնֆերանսին ինտերակտիվ քննարկումների և ելույթների միջոցով։
Կոնֆերանսը սահմանում է մասնակցության երկու կարգավիճակ՝ հիմնական մասնակից և ազատ ունկնդիր: Երկու դեպքում էլ նախապես գրանցումը պարտադիր է:
Աշխատանքային հիմնական լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը: Կապահովվի թարգմանություն:
------------------------------------------------------------------------------------------
«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Միջոցառմանն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը: «Թվապատումը» համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուսը:
