«Բերդաձորի Իշխանը»
Մարտի 11-ին՝ 13:00-ին, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի «Բերդաձորի Իշխանը» փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախյան ազատամարտի մասնակից Անդրանիկ Հարությունյանի հիշատակին: Տեղի կունենա հանդիպում Արցախյան պատերազմի փաստավավերագրողների՝ Սամվել Թադևոսյանի, Արտավազդ Եղոյանի, Հակոբ Պողոսյանի հետ։
Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: Ղարաբաղյան շարժման առաջին օրերից անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ: 1988թ. ստեղծել է առաջին կամավորական ջոկատը, գործել Մեղրիում, Ամասիայում, Իջևանում, Նոյեմբերյանում: 1989թ. «Հայ Դատ» կազմակեպության հանձնարարությամբ մեկնել է շրջափակման ծանր պայմաններում հայտնված Բերդաձոր, և առաջին օրերից ղեկավարել Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Թուրքերը 5 մլն գլխագին էին սահմանել նրան բռնելու, կամ ոչնչացնելու համար: Իսկ նա միշտ շեշտում էր, թե իրեն թուրքի գնդակ չի դիպչի: 1992թ. օգոստոսի 28-ին Այնթափից Երևան վերադառնալիս զոհվել է ավտովթարից: Թաղված է Եռաբլուրում:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64