«Թալիշ» ֆիլմի պրեմիերան Loft-ում
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած վերքերը դեռ թաց են:
Մի քանի օրում տասնյակ հայորդիներ զոհվեցին հանուն մեկ մտքի՝ հանուն հայրենիքի և մեր անվտանգության: Թեժ մարտերի կիզակետում էր նաև Թալիշ գյուղը, որը մի քանի ժամում վերածվեց ռազմական ավանի: Թշնամու կրակի տակ, տեղի բնակիչներն առաջին անհրաժեշտ պարագաները վերցնելով հեռացան՝ տեղանքը թողնելով հայ զինվորներին՝ ռազմական գործողություններ իրագործելու համար: Եվ չնայած այս ամենին, սահմանը մնաց կանգուն։
Ապրիլի 5-ին՝ ժամը 19։00-ին, #Loft-ում առաջին անգամ կցուցադրվի լրագրող Գևորգ Դերձյանի դոկումենտալ «Թալիշ» ֆիլմը, որտեղ ներկայցված են այդ օրերին սկիզբ առած գործողությունները, առաջնագծում մարտնչած հերոսները և ծավալված դեպքերը։
Լրագրող Գևորգ Դերձյանը կարողացել է պատերազմական գոտում նկարահանումներ կատարել և ֆիլմի միջոցով փոխանցել մեզ մեկ տարի առաջ Թալիշում կատարվող իրադարձությունները։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած հերոս տղաները և հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները:
Մուտքն ազատ է:
