ՆԱՄ 14-րդ տարեդարձ | NAI 14th Anniversary
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Միությունը մեծ պատասխանատվությամբ արդեն 14 տարի իր ուսերին է կրում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթի ծաղկեցմանն ուղղված արժանապատիվ գործը:
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, ՆԱՄ-ում գեղեցիկ համերգային ծրագրի շրջանակներում կնշվի միության 14-րդ տարեդարձը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Դանիել Երաժիշտը, Ստեփան Շաքարյանը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), մենակատարներ՝ Լուսինե Աղաջանյանը, Անահիտ Հակոբյանը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան):
Անվանի արվեստագետների և տաղանդավոր երիտասարդների համախմբման միջոցով ՆԱՄ-ն իր առջև է դնում ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել բազմաթիվ մշակութային նախագծեր և ծրագրեր:
«Նարեկացի» արվեստի միությունը սիրով սպասում է ձեզ՝ միասին տոնելու միության 14-րդ տարեդարձը:
Մուտքն ազատ է:
