Ոսկե Ծիրան: Ճանապարհի փիլիսոփաները
Ֆիլմը պատմում է տաքսու բազմաթիվ վարորդների մասին, որոնք խոսում են իրենց անցած կյանքի, մեր բոլորիս կյանքի և ապագայի մասին: Սրանք այն մարդիկ են, որոնք տեսնում են ամեն ինչ դիմապակու հետևից։ Բջջային հեռախոսի նկարահանման շնորհիվ հանդիսատեսն ինքը դառնում է ուղևոր և լսում վարորդների մտավախություններն ու պատմությունները: Նրանք են մեր փիլիսոփաները, որ իրենց աշխարհընկալմամբ, կյանքի և դեպքերի վերլուծություններով կարծես չեն զիջում հանրահայտ փիլիսոփաներին: Բայց ֆիլմում ներկայացվում է նաև մի ուրիշ կյանք, կան նաև ուրիշ կերպարներ: Էկրանից մատուցվում է այն ամենը, ինչ կարող է հանդիպել հային Երևանում, Հայաստանում և այլ երկրներում։ Հանդիսատեսը կհանդիպի նաև իրեն ծանոթ կերպարների՝ Հայաստանի գյուղերում և Հայաստանից դուրս: Ֆիլմն ամրագրում է փաստեր, թե ինչպես են մարդիկ ապրում ու մտածում մի երկրում, որտեղ շատ բաներ անհասկանալի են` «քերծված ասֆալտից մինչև թանկացող գազ», «շարքային ծեծկռտուկից մինչև մանկապարտեզի հանդես»...