Հայաստանի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշար
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի (բառացի՝ երկնային վազք) առաջին մրցաշարը:
Մրցաշարի նպատակը՝
• ՀՀ–ում skyrunning սպորտաձևի տարածումը
• Ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը
• Առողջ ապրելակերպի քարոզումը
Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր այն ցանկացողները, ովքեր ֆիզիկապես և տեխնիկապես պատրաստ են մասնակցել մրցաշարին: Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն առողջության վիճակը հաստատող բժշկական տեղեկանք: Մրցույթը անցկացվում է տղամարդկանց եւ կանանց շրջանում անհատական մրցաձևում:
Ծրագրում՝
• Մրցաշարի մասնակիցները պետք է սեպտեմբերի 14- ին ժամը 12.00-ին
լինեն ֆեդերացիայում (Արցախի 20), որպեսզի հատուկ նախատեսված տրանսպորտային միջոցներով տեղափոխվեն Արագած
• Սեպտեմբերի 14–ին ժամը 14.00–ից՝ վրանային ճամբար, մարզումներ, ծրագրի ներկայացում, հանդիպում մրցավարական կազմի հետ, խարույկ
• Սեպտեմբերի 15-ին ժամը 08.00-ին՝ մրցումի մեկնարկ, ավարտը՝ ժամը 16.00-ին
• Օրեր անց՝ մրցանակաբաշխություն «Գրանդ սպորտում»
• Մրցաշարի մասնակիցները սկսում են վերելքը 3240 մետրից՝ հատուկ դրոշակներով նշված երթուղիով, առավել կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել Արագածի հյուսիսային գագաթ և վերադառնալ ետ
• Ճանապարհին կլինեն 3 մրցավարական կետեր, որտեղ մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն, հարկ եղած դեպքում ստանան օգնություն կամ հայտնեն որևէ կարևոր տեղեկություն
Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան նվազագույն հանդերձանք, անվտանգությունն ապահովելու համար այն պետք է լինի պատշաճ և կատարյալ վիճակում: Ոչ մի հանգամանքներում չի թույլատրվում է հագնել այնպիսի հագուստ, որը կարող է վիրավորական լինել մյուս մասնակիցների նկատմամբ: