Ոսկե ծիրան 2015. Տեսս
19-րդ դարի Անգլիա, դորսեթցի գեղջուկ Ջոն Դըրբիֆիլդը պատահաբար պարզում է, որ ազնվական ընտանիքի վերջին ժառանգն է: Ձգտելով օգուտ քաղել նորահայտ ազնվականությունից՝ Դըրբիֆիլդն իր ավագ դուստր Տեսսին ուղարկում է ունևոր դը դ’Էրբերվիլների ընտանիքին ազգակցության պահանջ ներկայացնելու: Երիտասարդ Ալեք դ’Էրբերվիլը, գեղեցկուհով հմայված, որին կոչում է «զարմուհի», աշխատանքի է վերցնում նրան և ջանում գայթակղել: Ի վերջո Տեսսը զիջում է Ալեքի նկրտումներին և հղիացած վերադառնում ծնողների տուն: Ծնվում է տղա, որը մահանում է մի քանի շաբաթ անց: Կյանքը նորից սկսելու համար Տեսսը մեկնում է գյուղից և աշխատանք գտնում ագարակում, որտեղ ոչ ոք տեղյակ չէ նրա նախկին ձախորդություններին: Այնտեղ նրան հանդիպում է իր իսկական սերը՝ քահանայի որդի Էյնջել Քլեյրը: Կարծելով, թե Տեսսը դեռատի անմեղ գեղջկուհի է՝ նա գլխակորույս սիրահարվում է աղջկան, և չնայած իրենց միջև գոյություն ունեցող դասակարգային անդունդին, ամուսնության առաջարկ անում: Սակայն ամուսնական գիշերը Տեսսն Էյնջելին խոստովանում է ամեն ինչ: Ապշած և ներելու անկարող Էյնջելը թողնում է Տեսսին և մեկնում Բրազիլիա: Երկար ամիսներ Տեսսը հուսահատորեն սպասում է ամուսնու վերադարձին, քրտնաջան աշխատում ընտանիքի ապրուստը վաստակելու համար, մինչև, ի վերջո, ճակատագրի բերումով Ալեք դ’Էրբըրվիլը կրկին հայտնվում է նրա կյանքում:
