Հարթակ. Խոհարարություն
Ուտելիքի լեզուն համամարդկային է, և ցանկացած փառատոնում խոհարարական մասն ամենակարևորն է: Կասկած չկա` հոկտեմբեր ամսվա ամենահամեղ միջոցառումը Հարթակ փառատոնի շրջանակներում է տեղի ունենալու:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ից մինչև 19:00-ն կճամփորդենք հազարավոր խոհանոցներով` նրբաճաշակ ֆրանսիականից մինչև էկզոտիկ հնդկական, ավանդական հայկականից մինչև անկանխատեսելի իտալական, կմասնակցենք Երևանի լավագույն ռեստորանների և շեֆ խոհարարների դասընթացներին` սովորելով նոր բաղադրատոմսեր, խոհարարական գաղտնիքներ ու հնարքներ, կծանոթանանք չինական թեյի արարողության և ֆուդ լուսանկարչության արվեստին, կճանաչենք ճիշտ վարվելակարգի կանոնները ու գինու մշակույթը:
Փառատոնի խոհարարության բաժինն անց է կացվում OXFAM Հայաստանի հետ համատեղ՝ «Գյուղմթերքի կին հերոս» միջոցառման շրջանակներում՝ խրախուսելով առողջ սննդի կիրառումն ու տարածումը: Ողջ միջոցառումը զուգակցվելու է սննդի տարբեր արտադրողների էքսպոյով՝ թե՛ գյուղի կանանց, և թե՛ առաջնակարգ հայաստանյան ռեստորանների և սնունդ արտադրողների մասնակցությամբ:
Էքսպոյի մուտքն անվճար է, իսկ դասընթացներից որոշների համար անհրաժեշտ է գրանցվել և նախապես վճարել:
Ամբողջ օրվա այցելությունը, այսինքն` բոլոր 17 դասընթացներին մասնակցելը, արժե 6000 դրամ: