Տիրամիսուի և խնձորի կարկանդակի հյուրասիրություն / հանգանակություն մեր 4 ոտանի բարեկամների համար
Ժաննա Մախյանը և Անահիտ Աֆրիկյանը սիրով հրավիրում են բոլոր շնասերներին և պարզապես խղճով մարդկանց միասին համտեսելու իրենց կողմից պատրաստված տիրամիսուները և խնձորի կարկանդակը, ինչպես նաև վայելելու Մանե Բաղդասարյանի գեղեցիկ կատարումները: Աղջիկներն արդեն մի քանի տարի է զբաղվում են, կամ, ավելի ճիշտ, իրենց կյանքը նվիրել են փողոցային շների կացությա, սննդի, որդեգրման ու ստերիլացման խնդիրներին: Ժաննան օրինակ արդեն 6 շուն է պահում տանը, որոնք բոլորն էլ ժամանակին փողոցում են ապրել: Վերջերս Ժաննան ու Անահիտը հանդիպել էին մի կնոջ` Նունե Գույումջյանին, ով իր ուժերով փորձում է իր տան հարակից տարածքում հոգ տանել 70 շների սննդի հարցը և աղջիկներն իրենց օժանդակությունն են ցուցաբերում շատ հազվադեպ պատահող և այդքան բարի կնոջը` Նունեին: Եթե ցանկանում եք թեկուզ և 10 դրամով ներդրում ունենալ այս բարի ու դժվար գործում, սիրով համեցեք Ժաննայի և Անահիտի պատրաստած հյուրասիրությանը և թողեք Ձեր հանգանակությունը արկղի մեջ:
Ժաննա Մախյանը մոտ 15 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, ավարտել է Կալիֆորնիայի համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը: Շատ է սիրում կենդանիներին ու շատ է սիրում իր ընկերների համար համեղ ուտեստներ պատրաստել:
Անահիտ Աֆրիկյանը ապրում և աշխատում է Գերմանիայում և մանկությունից ի վեր միշտ շուն է ունեցել: Անահիտը ջանք չի խնայում փրկելու կենդանիների կյանքը և անձամբ բուսակեր է ու կոչ է անում իր բոլոր ծանոթներին օգնելու կենդանիներին, քանի որ նրանք հենց մեր կարիքն ունեն:
