Ֆոտո-ցուցահանդես. Հայկական հեռանկարներ
Դեկտեմբերի 2-ին սիրով հրավիրում ենք բոլորին EVS-կամավոր Ստեֆանիի (Գերմանիա) և ֆրիլանս լուսանկարիչ Ջոզեֆի (Իրան) նախաձեռնած ցուցահանդեսին, որը ներկայացնելու է երևանցի երիտասարդների (15-30 տարեկան) ֆոտոպորտրետներ կարճ հարցազրույցներով: Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել նրանց կյանքի պատմությունը, ապագայի երազանքները և հեռանկարները: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու Երևանում, այնուհետև՝ 2016 թվականի սկզբին տեղափոխվելու է Գերմանիա՝ Դրեզդեն:
Մուտքն ազատ է:
Ովքե՞ր ենք մենք և ինչո՞ւ ենք իրականացնում այս նախագիծը:
Անունս Ստեֆանի է, Գերմանիայից եմ: Երևան եկել եմ 2015 թ-ի օգոստոսին Եվրոպական Կամավորական Ծրագրի շրջանակներում: Մնալու եմ այստեղ մինչև դեկտեմբերի կեսը: Ջոզեֆը Իրանից է, նույնպես ապրում է Երևանում, աշխատում որպես ֆրիլանս լուսանկարիչ և նկարիչ: Երկուսս էլ շատ սիրեցինք այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի մարդկանց: Շատ եմ ճամփորդել աշխարհով մեկ, սակայն երբեք այդքան ջերմությամբ ու սիրով չեմ հյուրընկալվել: Հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում այնքան դժվարությունների է հանդիպել: Այժմ հասարակությունն ապաքինվում է, փոխվում: Նկատելով երիտասարդ սերնդի մեծ ներուժը և նվիրվածությունը՝ որոշեցինք նրանց հարթակ տրամադրել՝ ներկայացնելու իրենց, իրենց գաղափարները և ցանկությունները: Այսպիսով, ցանկանում ենք ներկայացնել Հայաստանը և հայ ժողովուրդն ավելի անձնական տեսանկյունից:
