Վարժանք Ասպարում՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակի առթիվ
Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ասպար արմս ընկերությունը, Ռազմինֆո ռազմական վերլուծական կենտրոնը և Նաիրի ՏՏ համընկերությունը կազմակերպում են հրաձգության վարժանքներ Ասպար հրաձգարանում։
Մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրակելու հմտությունները՝
- ստանալով մանրամասն հրահանգավորում «Ասպար արմս»-ի փորձառու մարզիչից․
- վերհիշելով զենքի քանդել/հավաքելու գործողությունը․
- փորձարկելով հրաձգարանում առկա զենքերի լայն տեսականին։
Գարեգին Նժդեհի մասին
Գարեգին Նժդեհը (իսկական ազգանունը՝ Տեր-Հարությունյան), ծնվել է 1886թ․ հունվարի 1-ին, սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907թ. ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, 1908թ. վերադարձել է Կովկաս: 1909թ․ ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912թ․ ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
Նժդեհը մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին, Անդրանիկի հետ կազմավորել հայկական կամավորական վաշտ (271 զինվոր) և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ. պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ժամանակ նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ, 1916թ․ին՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ: 1918թ-ին հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24–28-ը): Հայաստանի Հանրապետության (1918–20 թթ.) հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով:
1919թ․ հոկտեմբերից Զանգեզուրի (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին:
1920թ․ հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար:
1920թ․ օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920թ․ սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը:
Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921թ․ ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
1932–34թթ․ Նժդեհը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
1944թ․ Նժդեհը ձերբակալվել է. նրան տեղափոխել են Բուխարեստ, ապա Մոսկվա, և բանտարկել Լուբյանկայի բանտում: 1946թ․ նոյեմբերին ուղարկել են Երևան, դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948թ․ տեղափոխել են Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվել է (դեկտեմբերի 21-ին) ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983թ․ Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001թ․ կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987թ․՝՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005թ․ ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
