«Ծիրանի» անսամբլի համերգը ՆԱՄ-ում
Ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում հայ ավանդական երաժշտության բացառիկ ծրագրով ելույթ կունենա «Ծիրանի» անսամբլը:
Սովորել հայոց պատմությունը՝ սա է հայի արվեստը հասկանալու և սովորելու միակ ուղին:
Հիրավի, թե՛ երաժշտությունը, թե՝ գրականությունը նման են մի մեծ խառնարանի, որտեղ ձուլվել են հազարամյակների պատմությունը, մարդկային հասարակության տարբեր շերտերը՝ իրենց կենսակերպով ու մտածողությամբ:
Գեղջկական երգերը, միջնադարյան տաղերը, գուսանական, աշուղական երաժշտությունը՝ հայ երաժշտություն անվամբ շղթայի տարբեր մասնիկներն են, որի ամեն մի օղակն իր ժամանակահատվածն ու տարածաշրջանն ունի, իր ուրույն պատմությունը:
«Ծիրանի» անսամբլի նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն իր տարբեր շերտերով, այդուհանդերձ հասանելի լինելով մերօրյա ունկնդրին՝ բավարարելով թե՛ խստապահանջ երաժիշտի, թե՛ պատահական ունկնդրի ճաշակը:
«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թ-ին:
Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք:
2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով:
Անսամբլի առաջին համերգային ծրագիրը մեծամասամբ կազմել է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը:
Մուտքն ազատ է: