Արշիլ Գորկու հայկականության կերպարանափոխումները
#LOFT-ը ապրիլի 24-ին ընդառաջ, մեկնարկում է թեմատիկ միջոցառումների շարք՝ #նախագիծ101 խորագրով։
Իմ պատկերներս ուրեմն հիշողությամբ ապրումներու արտացոլումն են ու լռության շրջանի ծնունդներ: Այդ է պատճառը, որ առանց ինձ մեռյալ են անոնք. ես կուտամ իրենց շունչը, ես կտաքցնեմ զիրենք ու իմ աչքերս միայն կարող են գնահատել զանոնք, որովհետև ես միայն գիտեմ իրենց բովանդակած տխրության կամ խաղաղության արժեքը:
© Զապել Եսայան «Հոգիս աքսորյալ»
Ի՞նչ հետք է թողել Եղեռնը և աքսորն Արշիլ Գորկու էսթետիկական լեզվի կազմավորման վրա: Այդ հարցին կփորձենք պատասխանել՝ անդրադառնալով այն հեղինակների ուսումնասիրություններին, ովքեր դիտարկել են Արշիլ Գորկու արվեստը՝ հաշվի առնելով նրա գաղթական ինքնությունը։ Այս թեմայի շուրջ են դիտարկվելու այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արվեստագետի «մեջտեղային» կարգավիճակը, հիբրիդայնությունը, տեղահանումը, աքսորը, կանացին, արվեստը որպես հայր, քողարկումը, անվանադրումը, մանկության մասին երևակայությունը, այլ արվեստագետներին նմանակումը, ինքնությունը, արվեստի ունիվերսալությունը, աշխատելու մեթոդը և այլն:
Ինչպես հաստատում է Մարկ Նշանյանը, աղետը (քաղաքական կիրառման մեջ՝ եղեռն) ավելին է, քան մահը, սպանությունը, ցավը, այդ պատճառով հնարավոր չէ սահմանել դրա քանակը. այն տոտալ է, հետևաբար և աներևակայելի և անպատկերելի: Արդյոք Գորկու այդ փորձառությունը հնարավո՞ր է տեսնել նրա նկարներում, թե՞ ոչ։ Այդ ամենի մասին կփորձենք պարզել ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթում։
Դասախոսությունը կվարի արվեստագիտության թեկնածու, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավագ դասախոս Աննա Գալստյանը։
Մուտքավճար՝ 1000 դրամ:
