Nona Gabrielyan "Between Heaven and Earth" & "Armenia in our eyes" exhibitions
«Երկնքի ու երկրի միջև».այսպես է կոչվում վերջին քսան տարիների ընթացքում ստեղծված Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ավագ սերնդի արվեստասերներին հարկ չկա ներկայացնելու Նոնա Գաբրիելյանին,սակայն մեր թանգարանի ավելի երիտասարդ այցելուների համար նշենք, որ Նոնա Գաբրիելյանը տաղանդավոր խեցեգործ և նկարիչ է: Արդեն մի քանի տասնամյակ է ինչ նրա գործերը ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
20-րդ դարի 70-80 ական թթ.. Նոնա Գաբրիելյան և Վան Սողամանյան ամուսնական զույգը դարձավ նորարար՝ հայկական խեցեգործության մեջ, ցուցաբերելով արվեստի այս ոլորտում սկզբունքորեն նոր, ընդունված կանոններից դուրս մոտեցում: Բարձր ճաշակը, արտաքին սեղմ ձևը և ներքին խորիմաստությունը դարձան իրենց աշխատանքների հիմնական հատկանիշները, վերջիններիս ապահովելով իրենց ուրույն տեղը ոչ միայն ազգային արվեստի համատեքստում, այլև միջազգային գեղագիտական տարածքում:
Առաջին անգամ Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական , գրաֆիկական, խեցեգործական աշխատանքները ցուցադրվեցին 2008թ. Հայաստանի Ազգային Պատկերասրահում:
Նոնա Գաբրիելյանը արդեն երկար տարիներ ապրում է Գերմանիայում,ուր ստեղծագործելուց բացի զբաղվում է նաև դասավանդելով: 2014թ.նա իր հետ Հայաստան բերեց իր աշակերտներին՝ Եվրոպական տարբեր ազգությունների ներկայացուցիչների:
Հաճելի է նշել, որ այդ այցը խորը տպավորություն թողեց մեր հյուրերի վրա, ինչի արդյունքում էլ ծնվեց, «Հայաստանը իմ աչքերով» նախագիծը (մասնակիցներ՝ Էրիկա Ֆրյոյլիխ, Հայներ Ֆրյոլիխ, Ռենատե Բայլ, Բրիգիտտե Մեդլեր), որն իր մեջ ներառում էր մոտ 10000 լուսանկարներ, ջրաներկով արված աշխատանքներ և գծանկարներ:
2014թ. դեկտեմբերին «Հայաստանը իմ աչքերով ցուցահանդեսը» մեծ հաջողությամբ անցկացվեց նաև Վիսբադենում:
Այսպիսով՝ հունիսի 9-ին,Նոնա Գաբրիելյանի ցուցահանդեսին զուգահեռ ,կբացվի նաև իր աշակերտների լուսանկարչական նախագիծը, «Հայաստանը իմ աչքերով»,որը հնարավորություն կտա հայ արվեստասերներին՝ կողմնակի, Եվրոպական դիտողի հայացք նետել մեր երկրին:
Ցուցահանդեսը կբացվի ժամը 17:00-ին և կտևի մինչև հունիսի 22-ը: