Չ՛Արգելված
Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու եւ նաեւ սատարելու «Չ՛Արգելված» քաղաքական ծաղրանկարների կենդանի ցուցահանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը՝ 18:00-ին՝ Երեւանի Մաշտոցի պուրակում:
«Չ՛Արգելված», որովհետեւ կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատեւ փնտրտուքից հետո էլ չկարողացանք որեւէ սրահ, տարածք, ցուցասրահ, վարձակալել ցուցահանդեսի համար: Այդուհանդերձ, ցուցահանդեսը կկայանա՝ ավելի հետաքրքիր ձեւաչափով:
«Կենդանի», որովհետեւ սա մեր կենդանության վկայությունն է, անտարբերության դեմ պայքարի մեր ձեւը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լինի այն ծաղրանկարների համար, որոնց պատճառով անցած ամիսներին պարբերաբար փորձում էին տարբեր օղակներով մեզ վրա ճնշումներ գործադրել:
2015 թվականի նոյեմբերին www.MediaLab.am-ը սկսեց մի ծրագիր, որի նպատակը Հայաստանում քաղաքական ծաղրանկարի մշակույթի ակտիվացումն էր, երկրում եւ երկրից դուրս տեղի ունեցող զարգացումներին նաեւ այս ձեւաչափով անդրադառնալը։
Արդյունքում՝ անցած ամիսներին «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի www.MediaLab.am կայքում հրապարակվեցին պրոֆեսիոնալ ծաղրանկարիչների /«Ծաղրանկար»/, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում վերապատրաստված երիտասարդների /«CartoonLab»/հարյուրավոր ծաղրանկարներ՝ արժանանալով հանրային մեծ ուշադրության եւ քննարկումներ հարուցելով բարձրացված տարբեր հարցերի շուրջ։
Այս ցուցահանդեսով մենք ամփոփում ենք այն աշխատանքը, որը կատարվել է այս ամիսների ընթացքում:
Մենք շարունակելու ենք աշխատել՝ ձգտելով ունենալ ավելի իրազեկ քաղաքացի եւ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն, անտարբերության եւ լռության դեմ պայքարելով մեդիայի ամենաազդեցիկ միջոցներից մեկի՝ ծաղրանկարի միջոցով։
