Օգնեք Փրկել Արևիկին
Հյուրեր՝ Սերգեյ Դանիելյան, Անի Ահարոնյան
3 ամիս առաջ Դինգո թիմն ահազանգ ստացավ, որ սեփական տների բակում մի շուն է հայտնվել դեղին վզկապով։ Հարևանները բողոքում են, քանի որ շնիկը անմիզապահություն ունի, որի պատճառով բնակիչներին անհանգստություն է պատճառում։ Դեղին վզկապը մեզ արդեն հուշեց, որ Արևիկը (ինչպես նրան հետագայում կոչեցինք) «Յունիգրաֆ իքս» կազմակերպության հերթական զոհն է դարձել։
Արևիկին Դինգո կամավորները վերցրին իրենց խնամքի տակ և փորձեցին բուժել, սակայն ապարդյուն։ Մի քանի կիլոգրամ կշռող այս հրաշքն ունի մի շարք խնդիրներ, որոնք ցավոք հայաստանյան պայմաններում բուժել հնարավոր չէ։ Վնասված է Արևիկի ողնաշարը։ Դինգո թիմը չցանկացավ հանձնվել, ուստի որոշում կայացվեց Արևիկին ուղարկել Միացյալ նահանգներ բուժման նպատակով։ Ակնհայտ է, որ մեզ հարկավոր է դրամական օգնություն, ուստի մեր պայքարին միացան նաև մի շարք հայտնի մարդիկ, ովքեր սիրով համաձայնեցին մասնակցել մեր կազմակերպած միջոցառմանը, որի ողջ հասույթը կփոխանցվի մեր շնիկի փրկության գործին։
Այսպիսով, սեպտեմբերի 11-ին ժամը 20։00-ին բոլորին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Փրկենք Արևիկին» բարեգործական միջոցառմանը, որի ընթացքում Ձեզ սպասվում են անակնկալներ։
Միջոցառման ընթացքում մեզ կհյուրընկալվեն հայտնի բնասերներ ու Շանթ հեռուստաընկերության աստղերը՝ Սերգեյ Դանիելյանը և Անի Ահարոնյանը, ելույթ կունենան հայտնի երգիչ-երգչուհիներ: Համերգի ընթացքում բնապահպան Կարինե Փանոսյանը հյուրերի հետ կանցկացնի ինտերակտիվ խաղ «Հոգա շան մասին» ծրագրի շրջանակներում:
Միջոցառումը տեղի կունենա Էոն անտիկաֆեում: Մեկ անձի համար մուտքը 3000 դրամ է: Հյուրասիրությունը թեյ, սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ:
Միացեք, տարածեք, հրավիրեք Ձեր ընկերներին, օգնեք՝ փրկել Արևիկի կյանքը:
