OCCRP. Հետաքննական լրագրության միջազգային դասընթաց
Դասընթացավարներ` Դեյվ Բլոսս, Էդիկ Բաղդասարյան, Հայկ Գևորգյան
«Հոդված 3» ակումբը OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ սեպտեմբերի 23-24֊ին կազմակերպում է հետաքննական լրագրության, տնտեսական օֆշորային գոտիների և դրանց ուսումնասիրության լրագրողական դասընթաց:
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում շատ է կարևորվում հետաքննող լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների դերը: Հաճախ հենց նման լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների ջանքերով բացահայտվում են միջազգային կամ տեղական մասշտաբների կոռուպցիոն գործարքների մասին տեղեկություններ, որոնք դառնում են մասնագիտական ու հանրային լայն քննարկումների առարկա: Ասվածի ցայտուն և ամենաթարմ օրինակն է OCCRP ցանցի հրապարակած «Պանամական փաստաթղթերը», որոնց միջոցով բացահայտվեց օֆշորային գոտիներում գրանցված հազարավոր ընկերությունների և դրանց հետևում կանգնած հարյուրավոր խոշոր գործարաների և բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչների անուններ: Այդ ցուցակում էր նաև Հայաստանի Արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, ով «օֆշորային սկանդալից» հետո հրաժարական տվեց:
Հայաստանի նման զարգացող երկրներում, որտեղ պետական ինստիտուտները դեռ կայացման փուլում են և խոշոր բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ ու պաշտպանվածության խնդիր ունի, շատերը գերադասում են ֆինանսական միջոցները պահել օֆշորային հաշիվներում: Օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցման միջոցով հաճախ իրականացվում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներ, որոնց բացահայտումը նաև հետաքննող լրագրողների գործն է:
Նպատակ`
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում հետաքննող և սկսնակ լրագրողների կարողությունների զարգացմանը:
Մեթոդաբանություն`
Դասընթացի ընթացքում գործնական աշխատանքների միջոցով կտրվեն գիտելիքներ հետաքննական լրագրության սկզբունքների, տվյալների բազաներից օգտվելու հմտությունների, աղբյուրները ճշտելու, տնտեսական կոռուպցիոն ռիսկերի, օֆշորային գոտիների, դրանցում գրանցված կազմակերպությունների փնտրման համակարգերի և Հարավային Կովկասում առկա տվյալների բազաների վերաբերյալ:
Դասընթացավարներ
Դեյվ Բլոսս - OCCPR֊ի տարածաշրջանային խմբագիր Հարավային Կովկասում
Էդիկ Բաղդասարյան - «Հետք» Էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր
Հայկ Գևորգյան - «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական վերլուծաբան
Դասընթացը հնարավորություն է լրագրողների համար ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ հետաքննական նյութեր պատրաստելու համար, տիրապետել միջազգային տվյալների բազաներից օգտվելու անհրաժեշտ հմտություններին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19֊ը։ Դասընթացը անցկացվելու է անգլերեն և հայերեն լեզուներով։ Տրամադրվելու է թարգմանություն։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը, ինչպես նաև միջոցառման այլ մանրամասները։
Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ:
