Պետրոս Ղազարյան. «Հայրենի բնաշխարհ»
Ցուցահանդեսի բացումը՝ 8 սեպտեմբերի, 2016 թ., ժամը 15:00-ին
Հայրենիքի և բնության նկատմամբ սերը գեղագիտական նոր արտահայտում ունեցավ կենսաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ղազարյանի ստեղծագործական կյանքում: Նա մեկ տարի առաջ սկսեց նկարել: Արդեն ստեղծել է ավելի քան 50 գեղանկարչական աշխատանք, որոնցից յուքանչյուրն իր մեջ պարունակում է հայկական բնաշխարհի արտացոլանքը: Բժիշկ-գիտնականի հետաքրքրությունն արվեստի հանդեպ արտահայտվել է դեռ վաղուց. նա նաև զբաղվել է մետաղի դրվագմամբ և մասնակցել մրցույթների: Բայց այս անգամ հանրությանը ներկայացնում է իր գեղանկարչական ստեղծագործություններով:
Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի Պետրոս Ղազարյանի 34 գեղանկարչական աշխատանք: Ցուցահանդեսը կրում է «Հայրենի բնաշխարհ» խորագիրը՝ ընդգծելով հեղինակի սերը բնության ու հայրենիքի հանդեպ:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ:
Գիտնական, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Պետրոս Ղազարյանը ծնվել է 1946 թ-ին, Ախալցխայում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը:
Հեղինակ է 500 գիտական աշխատության: Ղազարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 30 թեկնածուական և դոկտորական ատենախոսություն:
Նա հեղինակ է 7 գյուտի, որոնք ներդրվել են գործնական բժշկության մեջ:
Ղազարյանը մասնակցել է բժշկագիտության և կենսաքիմիայի տարբեր բնագավառներին նվիրված շուրջ 80 միջազգային կոնգրեսի ու կոնֆերանսի աշխատանքներին:
1995թ.-ից մինչ օրս Պետրոս Ղազարյանը զբաղեցնում է պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի՝ գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը:
