Հանդիպում Պարգև Շահբազյանի հետ
/Նվիրվում է Թարգմանչաց տոնին/
Հոկտեմբերի 8–ին՝ ժամը 15:00-ին, մեր Կենտրոնում տեղի կունենա բացառիկ հանդիպում՝ հոգևոր մշակույթի երախտավոր, բարձրակարգ թարգմանիչ, գրականագետ, վաստակաշատ դասախոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի 40 տարվա գիտական քարտուղար Պարգև Շահբազյանի հետ:
Պարգև Շահբազյանը կրթամշակութային գործի նվիրյալներից է՝ շնորհաշատ և համեստագույն մտավորական: Նա իր վաստակի համար արժանացել է բազում շքանշանների և պարգևների. 2014-ին արժանացել է Ֆրանսիայի «Ակադեմիական Արմավենիներ» (Palmes Académiques) շքանշանին, երկու անգամ պարգևատրվել կաթողիկոսական շքանշաններով: 1978-ին Վազգեն Ա Վեհափառը նրան շնորհել է վաստակավոր դասախոսի կոչում՝ այդ առթիվ պարգևատրելով «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» հայրապետական բարձր շքանշանով: 2004-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Պարգև Շահբազյանին պարգևատրել է «Ս. Ներսես Շնորհալի» հայրապետական շքանշանով:
Պարգև Շահբազյանը ծնվել է Կ. Պոլսում՝ 1920թ.-ին, Հայոց ցեղասպանությունից փրկված պոլսահայ մտավորական Գառնիկ Շահբազյանի ընտանիքում: Հայերի համար օրհասական տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիրիա, ապա Լիբանան:
Ավարտել է Հալեպի ֆրանսիական քոլեջը, ապա՝ Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան լեզուների հայագիտության բաժինը:
1946 թ.-ին հայրենադարձվել է Հայաստան:
Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսը 1956 թ.-ին նրան հրավիրել է Մայր Աթոռ՝ որպես Գևորգյան հոգևոր ճեմարանի հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև՝ արևմտաեվրոպական գրականության դասախոս:
Ավելի քան 25 տարի Մայր Աթոռում վարել է Գերագույն հոգևոր խորհրդի ատենադպրի պաշտոնը և Հայոց Հայրապետին ուղեկցել արտասահման կատարած նրա հայրապետական բազմաթիվ ուղևորությունների ընթացքում:
Շահբազյանը խմբագրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթ «Էջմիածին» ամսագիրը:
Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բազմավաստակ դասախոսի նախկին սաներից շատերը թե՛ հայրենիքի, թե՛ Սփյուռքի թեմերում բարձրաստիճան հոգևոր հովիվներ են՝ հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ: