Մեծ Փուռ 2016 - Big Bonfire 2016
2016 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-14:00-ին, Գավառի տարածաշրջանում կանցկացվի «Մեծ փուռ 2016» միջոցառումը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:
«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի ավարտը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
Գանձակ և Սարուխան համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես:
Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ:
Ձեր մասնակցությունը կխթանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Ուրեմն՝ առաջ դեպի «Մեծ փուռ»՝ վայելելու Քյավառի համն ու հոտը: