Հողս գրկեմ, է˜, գրկեմ
Դեկտեմբերի 13-ին` ժամը 18.30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա ռեժիսոր Կարեն Մկրտչյանի «Հողս գրկեմ, է˜, գրկեմ» ֆիլմի ցուցադրությունը: Դիտումից հետո ֆիլմի հեղինակները` Տ. Նշան քահանա Ալավերդյանի հետ կվարեն քննարկում` հասկանալու ոչ պլակատային հայրենասիրության, ու իրական նվիրումի մասին:
«90-ականներն էին գալիս: Երկրաշարժը քիչ էր, հարևան թշնամին էլ վրա էր տվել: Բայց էս պատմությունը պատմենք սկզբից… Անունս Անդրանիկ ա: Գյուղում սիրուն Անդո են ասում: Ուրախանում եմ…»:
Սկսվում է ֆիլմն ու դիտողին վերցնում, տանում 90- ականների Հայաստան, սահմանամերձ գյուղ… Անցկացնում է Մայր հողին կառչած հայ մարդու սրտի միջով, ապրեցնում նրա հոգսով, բայց ստիպում հավատալ լուսավորին, գեղեցիկին ու նվիրականին… Սավառնում ես ֆիլմի փիլիսոփայությունում ու զգում հողդ գրկելու կարիքը… Ամեն օր քայլում ենք մեր երկրում, բայց հողի հետ մեր կապն այնքան էլ ուժեղ չենք զգում երբեմն… Խոսքն ասֆալտով սահմանազատված կամ մեզանից մեկուսացված հողի մասին չէ: Խոսքը մեր ներսում բնակվող մայր հողի մասին է: Հողը, որը վաղուց չենք գրկել…
Սիրով սպասում ենք բոլորին` գեղեցիկ ֆիլմը դիտելու և հայրենիքի մասին քննարկմանը մասնակցելու:
