Արվեստ Հայաստան Հիմնադրամի Դրամաշնորհային ծրագրի ներկայացում
Արվեստ Հայաստան Հիմնադրամը անկախ հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը: Հիմնադրամը գործում է Երևանում, այն 2016 թվականին հիմնել են Դավիթ և Ռաֆայել Նազարյանները: Հիմնադրամի առաքելությունն է՝ օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս:
Դեկտեմբերի 15-ին Հիմնադրամը կներկայացնի իր Դրամաշնորհային ծրագիրը արվեստային ԲՈՒՀ-երի և ֆակուլտետների ուսանողների համար։
Հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը և համադրող Սոնա Ստեփանյանը մանրամասնորեն կներկայացնեն դրամաշնորհային ծրագիրը՝ ում համար է նախատեսված, դիմելու պայմանները, հայտի լրացման առանձնահատկությունները, ինչպես նաև կպատասխանեն հյուրերի բոլոր հարցերին։
Արվեստի նախագծերի դրամաշնորհները հասցեագրված են արվեստագետներին և արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ թվային և մեդիա արվեստ, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ արվեստ, պերֆորմանս և հանրային վայրերի արվեստներ: Ծրագրի հրավերը բաց է ինչպես արվեստի բուհերի շրջանավարտների, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների համար:
