Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Փետրվարի 15-ին՝ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն ռեժիսոր Սիրական Աբրոյանի «Սառը ընթրիք», «Ատամի ցավ» և «Մեկ անգամ ամռանը» կարճամետրաժ ֆիլմերը:
Ս. Աբրոյանը սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում (ղեկավարներ՝ Խ. Չալիկյան, Ա.Յավուրյան):
Դասավանդում է ռեժիսուրա և օպերատորի վարպետություն, համագործակցում է տեղական և եվրոպական մեդիա կառույցների և կինոդպրոցների հետ:
«Սառը ընթրիքը» (7րոպե) ոչ ավանդական օրենքներով նկարահանված ֆիլմ է, որը ներկայացնում է երեխայի զգացմունքների կտրուկ փոփոխությունները ընթրիքից առաջ և հետո: Ֆիլմը «ՍանՋիո 2003» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է գլխավոր մրցանակի:
«Ատամի ցավ» (7րոպե) դոկումենտալ կոմեդիայում ներկայացվում է տեսարան, որտեղ ընտանիքի անդամները փորձում են մեղմացնել տղայի ատամնացավը, որի ընթացքում ֆիլմի հերոսների միջև վիճաբանություն է ծագում:
Այս ֆիլմը Իտալիայի Վերոնա քաղաքում անցկացվող «ՍանՋիո» միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է «Սան Ջիոյի ճաշակ» մրցանակին:
«Մեկ անգամ ամռանը» (36 րոպե) ֆիլմը պատմում է սարերում ապրող մարդկանց մասին, ովքեր, չնայած պահպանել են իրենց նախնիների ավանդույթները, սակայն հետզհետե լքում և հեռանում են հարազատ սարերից:
Մուտքն ազատ է:
