Հանդիպում ՆԱՄ-ում
Փետրվարի 14-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գրող, սցենարիստ, կինոխմբագիր Անահիտ Արփենի` հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Լևոն Իսահակյանի գործունեության մասին պատմող «Ո՞ւմ է ժպտում կյանքը» մենագրության շուրջ հանդիպում-քննարկումը։
«Ո՞ւմ է ժպտում կյանքը» գրքում կինոգործչի կյանքի և ստեղծագործական ուղու միջոցով ներկայացվում է նախորդ դարի հայկական կինոյի որոշ մանրամասներ, ինչպես նաև՝ կարևոր իրադարձություններ հայաստանյան կյանքից:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև գրքում ամփոփված նյութերին առնչվող «Անցյալն` այսօրվան» (հեղ.` Անահիտ Արփեն) կարճամետրաժ ֆիլմը:
Անահիտ Արփենը բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմերի հեղինակ է՝ «Նատյուրմորտ», «Անցյալն՝ այսօրվան», «Ձոներգ Լենինականին», «Քամելեոն», «Հոգիների ծնունդը», «Անսպառ ոգի» և այլն: Իրականացրել է նաև թատերական ներկայացումներ՝ «Դռնփակ» (Ժ.-Պ. Սարտր), «Կուպե» (Անահիտ Արփեն), «Ծաղրածուն» (Մ. Մանվելյան), «Արեգնազան» (Ղ.Աղայան) և այլն: Հեղինակել է գրքեր՝ «Պատմվածքներ» («Լավագույն առաջին գիրք, 2004թ» մրցանակ), «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ», «Հայկական կինո.1924-2008թթ.» (համահեղինակ), «Անահիտի աղբյուրը» (ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակ, 2015թ.), «Սիրո կեռմաններ» (2016թ.):
Մուտքն ազատ է:
