Բարեկենդանն ու երեխաները
«Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը...»
Ունենալով ազգային ու միջազգային տոները երեխաների համար կազմակերպելու բավական հարուստ փորձ՝ հաջորդ տոնակատարությունը ՏաՏան կազմակերպում է Բուն Բարեկենդանի առթիվ:
Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանն այս տարի նշվում է փետրվարի 26-ին, եւ քանի որ տոնի հիմնական խորհուրդներն են ուրախությունը, առատությունն ու չարի խափանումը, մենք առանձնացրել ենք տոնական մի քանի բաղադրիչներ, որոնք մեկ միասնական տոնակատարության մեջ անմոռանալի տպավորություններ կդառնան երեխաների համար:
Զվարճանքի, խաղերի ու բարի կենդանության այս տոնի ընթացքում երեխաների հետ միասին՝
- նախ ընկույզներ կզարդարենք եւ շատ զվարճալի ընկուզախաղ կխաղանք,
- Բուն Բարեկենդանի քաղցր հյուրասիրություն կունենանք,
- կպատրաստենք Մեծ Պահքի խորհրդանիշ համարվող տիկնիկը՝ Ակլատիզը, որը յուրահատուկ օրացույց կդառնա հաջորդող 7 շաբաթների ընթացքում,
- Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի մոտիվներով ուրախ խաղի կմասնակցենք,
- իսկ տոնակատարության ավարտին կհյուրընկալենք մեր սիրելի Տիեզերք բենդին՝ իրենց անկրկնելի «Գնացինք տեսանք»-ով եւ մի քանի այլ կատարումներով:
Մասնակցել կարող են 2 տարեկան եւ բարձր երեխաները, բայց մինչեւ 4 տարեկանների դեպքում ծնողի ներկայությունը պարտադիր է: Ի դեպ, քանի որ Բարեկենդանի տոնական արդուզարդի պարտադիր բաղադրիչ է համար վում դիմակը, ապա մուտքը պարտադիր դիմակներով է լինելու: Անհրաժեշտության դեպքում՝ դիմակներ հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ ՏաՏայում:
Բուն Բարեկենդանի մանկական այս տոնակատարության մասնակցությունը վճարովի է՝ հետեւյալ պայմաններով
- յուրաքանչյուր երեխայի համար՝ 3000դրամ,
- ՏաՏայի հիմնական ծրագրերի մասնակիցների համար` 2000 դրամ,
- եթե երեխան մասնակցում է ծնողի հետ, ավելանում է 1000դրամ հավելավճար:
Հանդիպում ենք փետրվարի 26-ին՝ կիրակի, ժամը՝ 17:00-ին:
Լուսանկարը՝ ՏաՏայի ամանորյա դիմակահանդեսներից մեկից:
#ՏաՏա #ԲունԲարեկենդան #ակլատիզ #ընկուզախաղ