Մեր Երևանը
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Արսեն Ասլանյանի՝ «Մեր Երևանը» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
-Երևան. աշխարհի գրավիչ քաղաքներից մեկը:
Դարերից եկող, բայց միշտ նորագույն ու արդիական, բազմիցս ասպատակված, սակայն վեր հառնող ու կենսախինդ:
Այս մոլորակի մի արևավառ անկյունում մի չքնաղ մայրաքաղաք, որ Երևան է կոչվում:
«Մեր Երևանը» ֆիլմը աշխարհասփյուռ հայության ու նրբաճաշակ զբոսաշրջիկների համար է,- նշում է ֆիլմի հեղինակը:
Արսեն Ասլանյանն ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետև Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական և օպերատորական բարձրագույն կուրսերը:
Բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է, որոնք հենց ինքն էլ կյանքի է կոչել և՛ որպես սցենարի հեղինակ, և՛ որպես օպերատոր ու ռեժիսոր:
Նրա՝ բավականին մեծ թվով աշխատանքները տարբեր միջազգային փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների և դիպլոմների:
Մուտքն ազատ է:
