Դավիթ Սամվելյան, «Ռոդենի Ձմեռը». Գրքի շնորհանդես
Սիրով հրավիրում ենք Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 18:30 «Բուկինիստ» գրախանութում (հասցե՝ Մաշտոցի 20):
Սա հեղինակի չորրորդ ժողովածուն է` «Լուսե երազ», «Նա և նրա» և «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո։ Գիրքն իր մեջ ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերիս հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։
Գրքի վերջում զետեղված են երկու հավելվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն էսսեներն ու բանաստեղծությունները, որոնք առավել շատ են սիրվել ընթերցողների կողմից։
Խմբագիր՝ Արմինե Բոյաջյան
Սրբագրիչ՝ Աննա Ալեքսանյան
Շապիկի նկարը՝ Մանու Հարությունյան
Համակարգչային շարվածք՝ Էդվարդ Սեփանյան
_____________________
Միայն շնորհանդեսի օրը գիրքը կարող եք ձեռք բերել 20% զեղչով և, իհարկե, հեղինակի ստորագրությամբ:
_______________
Դավիթ Սամվելյանը ծնվել է 16.07.1983թ., Երևանում, ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը: 2008-2009 թթ եղել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2009-2012 թթ.- Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի վերակացու:
Հրատարակություններ՝
«Լուսե Երազ» բանաստեղծությունների ժողովածու, 2010թ.
«Նա և Նրա» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածու, 2014թ.
«Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների, էսսեների և պատմվածքների ժողովածու, 2016թ.
