Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսը
«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով. գիրք հմայության» գրքի շնորհանդեսին:
Վաճառքում կլինի գրքի միայն 365 անվանական օրինակ՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Առցանց օրացույցից (http://karen.antashyan.com/booking/
) կարելի է նախապես ընտրել ցանկալի օրվա անվանական օրինակը և ամրագրել այն՝ շնորհանդեսի օրը համապատասխան էջանիշով ստանալու պայմանով: Շնորհանդեսի օրը գիրքը կարելի է ձեռք բերել 2000 դրամով՝ սովորական 3000-ի փոխարեն:
Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմամբ: Լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող բանաստեղծն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով՝ «Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն է»: Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և համյիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով:
