Ձմերուկի փառատոն
Հուլիսի 19-ին ժամը 18։00 Երևանի քաղաքապետարանը գեղեցիկ և ինքնատիպ անակնկալ կմատուցի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Կարապի լճում կիրականացվի «Ձմերուկի» փառատոնը:
Բացի ձմերուկասերերից, միջոցառումն իր շուրջը կհավաքի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և պարզապես՝ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Ողջ երեկոյի ընթացքում կհնչի երաժշտություն:
Միջոցառման ընթացքում ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ կոմպոզիցիաներ կպատրաստեն: Համաքաղաքացիներին և հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները:Միջոցառման ընթացքում ձմերուկից պատրաստված ցանկացած ըմպելիք և ուտեստ անվճար է:
