«Լույսը ներսից» ցուցահանդես
Փետրվարի 3- ին` ժամը 15:00- ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև փետրվարի 15- ը:
Ցուցահանդեսը ներառում է նկարչուհու հեղինակած գեղարվեստական լուսանկարների և մուրանյան ապակու քանդակների` «Վենետիկ. ջրի երեսին» և «Ռուսական հոգի» խորագրերով ցուցադրությունները, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում:
«Վենետիկ. ջրի երեսին» խորագրով ցուցադրությունը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակի և քաղաքի յուրահատուկ ջրային, արտացոլվող տարածության մեջ լույսի և գույնի առկայության մասին:
«Ռուսական հոգի» ցուցադրության մեջ` ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն), դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց խոսակցության «առարկա», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի` միավորելով Իտալիան և Ռուսաստանը:
Տատյանա Դանիլյանցն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Վենետիկում:
