«Կարմիր սրտերի Ջեքը»
Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում կցուցադրվի «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը: Կինոնկարի ցուցադրությունից հետո կանցկացվի հարց ու պատասխան ֆիլմի ռեժիսորի՝ Ջանեթ Գրիլոյի հետ:
Մուտքն ազատ է:
Ջեքը համառ դեռահաս է, ով փախել է տնից և թաքնվում է իր պրոբացիոն ծառայողից: Փողոցում մեծացած, անտեսված երեխան, անամոթաբար արհեստավարժ խնամատար է ձևանում՝ ի վերջո կապվելով աուտիզմ ունեցող 11-ամյա Գլորիի հետ: Երեխայի հուսահատ մայրը՝ Քեյը, նույնպես կապվում է ինքնակոչի հետ՝ դիտարկելով նրան որպես փոխնակ դուստր, ում հետ կարելի է կիսվել, իսկ աղջնակի համակրելի ավագ եղբայրը՝ Ռոբերտը, սիրահարվում է Ջեքին: Երբ խաբեությունը բացահայտվում է և հայտնվում են ոստիկանները, փոքրիկի հայրը՝ Մարկը, փորձում է պահել ընտանիքի միասնությունը, մինչդեռ գլուխկոտրուկի մասնատված կտորները ձևավորում են նոր ու ինքնաբավ ամբողջություն:
Ջանեթ Գրիլո
Նյու Յորքի համալսարանի Թիշի ինստիտուտի Քանբար Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի պրոֆեսոր և New Line Cinema-ի նախկին գործադիր տնօրեն Ջանեթ Գրիլոն զանազան մրցանակների, այդ թվում՝ Էմմիի արժանացած ռեժիսոր և պրոդյուսեր է: Ջանեթի «Կարմիր սրտերի Ջեքը», որի հեռարձակումը Lifetime TV-ով դիտել է մեկ միլիոն մարդ, ցուցադրվել է 25 AMC թատրոններում և DVD/VOD-ով վաճառվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում: HBO-ի «Աուտիզմ» մյուզիքլում հանդես գալով որպես պրոդյուսեր՝ Ջանեթն ստացել է Էմմի մրցանակ: Ջանեթը «Թռիր» գեղարվեստական ֆիլմի սցենարիստն է, ռեժիսորն ու պրոդյուսերը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել SXSW փառատոնում, իսկ Արիզոնայի միջազգային կինոփառատոնում այն ճանաչվել է լավագույն ֆիլմ: Բացի այդ, New Line Cinema-ում Գրիլոն մեկնարկել է «House Party» (Տնային երեկույթ) շարքը: Ջանեթը, ում չափահաս որդին աուտիզմ ունի, նաև «Բուժենք աուտիզմը հիմա» հիմնադրամի խորհրդի նախկին անդամ է:
