«Գազարագույն Ագռավ» ցուցահանդեսի բացում
ԷՕՆ-ը հրավիրում է ձեզ Ալյոնա Գևորգյանի «Գազարագույն Ագռավ» ցուցահանդեսին: Բացումը տեղի կունենա հունիսի 11-ին` ժամը 19.00-ին:
Ալյոնա Գևորգյանը Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավագ սաներից է: Նկարչությունն իր համար միայն մասնագիտություն կամ հմտություն չէ, այլ, նախևառաջ, ներքին ձգտում և ոգեշնչում: Նկարչուհու գործերում նրբությունն ու թեթև լույսը կլանում են դիտողին և հնարավորություն տալիս նրան սուզվելու սեփական ներաշխարհի մեջ: Պատկերի եթերայնությունը մի պահ մոռացության է մատնում ձգողականության ուժը, քեզ թողնում երազել` առանց պատերին հենվելու և հատակին կանգնելու, որոնք Ալյոնայի գործերում ասես ձուլված են միջավայրի հետ` բացելով սահմաններն ու շրջանակները, անցնելով չափագրումներից անդին: Լակոնիկ գույները, տեղ-տեղ առանձնացող բծերը, շարժուն գիծը ստեղծում են մի միջավայր, որտեղ անգամ ամենակենցաղային իրերն անկախ գոյության մեջ են`վերառված մեր առօրյա իրականությունից: