Gor Gyurjyan solo exhibition- Eye- flection/ Ակն -ա- ցոլանք
Կերպարվեստում պատկերվածը ներկայացնելու ժամանակ ընդունված է խոսել առարկայացման, վերացականի, իրականի, տրամադրության և իմաստավորման մասին։ Տարբերություններով հանդերձ տրված գնահատականներն ու արժեքների քննադատությունը մնում են պատկերի և դրանից ստացած ընկալումների շրջանակներում։ Պատկերը նպատակ է և արդյունք, որտեղ ստեղծման ընթացքն անհետանում է։ “Արդյունքում այն ինչ ես տեսնում-պատկերացնում-ընկալում եմ ոչ այնչափ կարևոր է դառնում, քան ինչպես եմ տեսնում, երբ նկարում եմ”։ Այս կարգախոսով առաջնոդվելով՝ Գոռ Գյուրջանն իր աշխատանքներում խախտում է կերպարվեստի ընկալման ավանդական ձևաչափը: Դա ոչ միայն սյուրռեալիզմին բնորոշ երևակայության ազատագրման արտահայտում է, այլ նաև կերպարը տեսանելի դարձնելու արվեստագետի կամքի դրսևորում: Գոռը նկարում է այնպես, ինչպես մարդու աչքն է տեսնում. աչքի շարժման հետագիծը փոխանցվելով նկարչական հարթություն՝ սինխրոնիզացնում է դիտողի տեսողական ընկալման ռեժիմը։ Նկարների չափերը և գծերը ստիպում են հայացքն ուղղել դեպի տարբեր ուղղություններ՝ կարծես չափագրումներ կատարելու, հստակ, ուղիղ սև գծերի հետ զննելու լույսի հոսքի ընթացքը՝ արդեն հարթ տարածության մեջ փնտրելով այն վերջնական կետը, որին նայելով պատկերը դառնում է ամբողջական։ Այդ ամբոջականությունը պայմանական է և պայմանականության սահմաններն են, որոնց անդրադառնում է Գոռը իր գեղանկարչության մեջ՝ վերացնելով արդեն նկարած դեմքը, ավելացնելով դիմանկարներին երկրաչափական տարրեր, մարմնի փոխարեն նկարելով էմոցիաներին համարժեք պայմանական նշանները։
Ցուցադրվող աշխատանքներում ամփոփվում են երիտասարդ արվեստագետի ակադեմիական ավանդական կանոններին հակադրվելու և ընդունված սահմաններից դուրս գալու փորձերը, ինքնատիպ նկարչական ձևի մշակման միջոցով նոր ամբողջականության ձևավորումը։ Այդ ամբողջականությունը սոսկ ընկալման կամ կոմպոզիցիոն ձևականությամբ սահմանափակված չէ, այն նաեւ ներառում է արվեստագետի կայացման ճանապարհն ու արժեհամակարգը։