Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Մարդկանց երկիր». գրքի շնորհանդես
Նոյեմբերի 18-ին, ժամը՝ 18:00, «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում (Իսահակյան փող., 22/10, Երիտասարդական մետրոյի գետնանցում) տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:
Շնորհանդեսի ժամանակ գրքի համար կգործի հատուկ գին: Մուտքն ազատ է:
…Անտուան դը Սենտ Էքզյուպերին Մարդկանց երկրի բնակիչ է: Մարդ, ով ընտելացնում է անապատն ու լեռները, երկիրն ու աստղերը, ով գերիներ է ազատագրում, արթնացնում մարդկանց:
Նա հասկանում է բոլորի ճշմարտացի լինելը, խոսում է պարզության և խորամտության լեզվով, որ լսելի և ընդունելի է բնության ամեն մի արարածի՝ անգամ Սահարայի այն փոքրիկ երկարականջ աղվեսի համար, որին այնքան գնահատում է ինքը:
__________
Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:
Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ:
Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց ու մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից:
«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: