Խմորի պատրաստման գաղտնիքները հայկական խոհանոցում / Dough techniques in Armenian cuisine master class
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Հարթակ-ի «Խոհարարության» բաժնի դասընթացների շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պողոտա) տեղի կունենա «Խմորի պատրաստման գաղտնիքները հայկական խոհանոցում» դասընթացը, որը կվարի Հուրի Ելդիզյանը:
Մուտքը՝ անվճար:
Այս դասընթացը թույլ կտա կիրառել խմոր պատրաստելու եվրոպական եղանակները հայկական ավանդական ուտեստներ պատրաստելիս: Դասընթացի ընթացքում շեֆ խոհարար Հուրին քայլ առ քայլ կնկարագրի գործընթացը` միաժամանակ պատասխանելով բոլորիս հարցերին: Միանալով այս ինտերակտիվ և անչափ զվարճալի դասընթացին` կպատրաստենք հայկական համեղ ուտեստներ եվրոպական ձևով: Մասնավորապես կանդրադառնանք խմորի պատրասման ձևերին, քանի որ վերջինս մեծ դեր ունի հայկական խոհանոցում: Ցորենը հայկական խոհանոցի հիմքն է և աճեցվել է դեռ հնամենի ժամանակներից հայկական բարձրավանդակում: Երբ Հուրին մի խումբ վանաձորցի կանանց հարցրել է, թե որն է իրենց առօրյա սննդի ամենակարևոր մասը, կանայք միաբերան պատասխանել են` հացը: Խմորի հետ աշխատելը, ընդ որում բոլոր տեսակների, պահանջում է ճիշտ ցուցումներ և հմտություններ: Իր տատիկից սովորած և սեփական փորձով ձեռք բերած հմտություններով Հուրին մշակել է թխելու մի շարք նրբություններ: Համեցե'ք, միասին սովորելու իսկական վարպետից:
Հուրին իրավաբան է և բլոգեր Նոր Զելանդիայից: Նա անչափ սիրում է համեղ սնունդ և իր հայրենիքը` Հայաստանը: Նրա` սննդի «Մատներդ հետը կուտես» բլոգում տեղ են գտել սեփական բաղադրատոմսերը և այդ բաղադրատոմսերով պատրաստած ուտեստների լուսանկարները: Հուրին ցանկանում է ցույց տալ, թե ինչպես է խոհանոցը կապվում մշակույթի հետ և սովորեցնել կիրառել եվրոպական տեխնիկան հայկական ավանդական խոհանոցում: Հուրին իր հետ բերել է իր անհագուրդ սերը համաշխարհային խոհարարական արվեստի հանդեպ: Գնանք վարակվելու:
