Նիհար և առողջ
Հոկտեմբերի 17-ին` ժամը 13:00-ին Էօնում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Նիհար և առողջ» դասընթացը, որը կվարի թերապևտի, էնդոկրինոլոգի, դիետոլոգի մասնագիտական բարձր որակավորում ստացած՝ Իլոնա Մելիքյանը:
Չկա ավելի ծանր գործ, քան թեթև դառնալը: Այս դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են նիհարել: Իլոնան ձեզ կներկայացնի, թե ինչպես է պետք սնվել առողջ և նիհար լինելու համար: Համառոտ կներկայացնի, թե ինչ բան է ճարպակալումը և ավելորդ քաշը` վեր հանելով դրանց իրական պատճառները և հետևանքները: Միասին կփորձեք բացահայտել ձեզ համար իդեալական քաշը: Եթե ունեք ավելորդ քաշ, կպարզեք ճիշտ բուժման և սննդակարգի մասին ամեն ինչ: Սակայն, ամենակարևորն այն է, որ կիմանաք նորից չգիրանալու գաղտնիքը: Այս բոլոր արժեքավոր խորհուրդները կստանաք 45 րոպեի ընթացքում: Բաց մի' թողեք հնարավորությունը:
Մուտքը՝ ազատ:
Իլոնա Մելիքյանը ներկայացնում է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտին կից ԱլտՄեդ վերականգնողական և ավանդական բժշկության կլինիկան: Իլոնան ծնվել է 1980թ. Կիրովականում: Երեք տարեկանից ապրել է Ռուսաստանում և ընդամենը մեկ տարի առաջ վերադարձել Հայաստան բնակվելու և աշխատելու համար: 2003թ. ընդունվել է Իժևսկու պետական բժշկական ակադեմիայի բուժ-ֆակուլտետը: Ստացել է թերապևտի, էնդոկրինոլոգի, դիետոլոգի մասնագիտական բարձր որակավորում Իժևսկու պետական բժշկական ակադեմիայում և Պիրոգովի անվան բժշկական ակադեմիայում: 2014թ. ավարտել է ասպիրանտուրան էնդոկրինոլոգի և բժշկական հոգեբանության մասնագիտացմամբ: Իլոնան հեղինակում է սուր կամ քրոնիկ սթրես տարած տուժածների բուժօգնության ծրագիրը, որը այժմ կիրառվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության կողմից: Իլոնայի ծրագրերից է նաև գիրացման բուժման ծրագիրը: Իլոնան հանդիսանում է էնդոկրինոլոգների ռուսական միության, թերապևտների ռուսական միության անդամ: 2006թ. Միջազգային քաղաքականութան նախարարության կողմից պարգևատրվել է հանրապետությունում ազգերի միջև խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման համար: 2004-2007թթ. եղել է «Գառնի» Ուդմուրտյան հանրապետության հայ երիտասարդության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ: