Էկո Երևան / Eco Yerevan
«Էկո Երևան» նախաձեռնությունը բնության ռեսուրսները խնայող փոխադրամիջոցների (երկուակնանի, երեքակնանի, հասարակ և էլեկտրական հեծանիվների, երեքակնանի Tuk Tuk կոչվող էլեկտրոմեքենայի, չորսակնանի Tesla էլեկտրոմեքենաների) համատեղ երթ է Երևանի կենտրոնական փողոցներով, որի նպատակն է ոչ միայն տեսանելի դարձնել Հայաստանում հեծանվային մշակույթի առկա վիճակն ու աճը, այլ նաև բացահայտել Երևանում արդեն երթևեկող էլեկտրական տրաանսպորտի մի քանի նմուշները, ինչպես նաև ողջունել Թայլանդից Հայաստան ճամփորդած երեքակնանի արեգակնային էլեկտրոմոբիլն ու նրա անձնկազմին, որոնցից մեկը` Կարենը, մեր հայրենակիցն է: Ի դեպ՝ Թայլանդից ժամանած այս "The PilGreens" ծրագրի մանրամասները կներկայացվեն նույն օրը, մինչև երթը` ժամը 14:00-ին, Ֆրանսիական համալսարանում տեղի ունենալիք կոնֆերանսին:
«Էկո Երևան» երթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, շաբաթ օրը, մեկնարկելով երեկոյան ժամը 19:30 և տևելով մոտավորապես երկու ժամ: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտ, բոլորով միասին շարժվում Երևանի կենտրոնի որոշ հատկապես կարևոր հատվածներով, կիրառելով կրեատիվ տեղեկատվական արշավի էլեմենտներ ու տալով հարցազրույցներ: Երթի կազմակերպիչներն են՝ “The PilGreens” ՀԿ-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը, Green Mobility (Կանաչ Շարժունակություն) ծրագրի թիմը, Սիրողական Հեծանվասպորտի և Հեծանվային Զբոսաշրջության Ֆեդերացիան, «Լոֆթ» Ինքնազարգացման Կենտրոնը, «Սիթի Մոբիլ» օնլայն տաքսու հավելվածը, մի խումբ բնապահպանական ապրելակերպի ներդրմանն օժանդակող անհատներ ու խմբեր: Երթը կավարտվի Հանրապետության Հրապարակի մյուս՝ շատրվանների դիմացի մայթի հատվածում:
Մասնակցել կարող են բոլոր նրանք, ովքեր ոչ միայն ունեն բնա-տրանսպորտ (ցանկացած տեսակի հեծանիվ, էլեկտրոմոբիլ, անվաչմուշկ, սկուտեր և այլն), այլ նաև քաղաքի երթևեկությանը գոնե որոշ չափով վարժված են ու կարող են անվտանգ քշել:
Երթն ուղեկցելու են պետավտոտեսչության մեքենաները՝ անվտանգությունն ապահովելու նպատակով: Երթի ընթացքում հնարավոր է կատարվեն տեսա-ֆոտո նկարահանումներ, որոնց նյութերի մի մասը երթից հետո հասանելի կլինի լայն լսարանին, համացանցում: